Վաղուց ապացուցված դրույթ է, որ ժամանակին բժշկին դիմելը հեշտացնում է հիվանդի և բժշկի աշխատանքը
Բժշկի մասնագիտությունը սահմաններ չի ճանաչում, և այս մասնագիտությունն ընտրած մարդը համամարդկային սիրո որդեգիրն է:
Մեր զրուցակիցը` «Աստղիկ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Նարինե Բեգլարյանը, իր մասնագիտական ուղու լավագույն տարիները նվիրել է բժշկագիտությանը և չնայած երիտասարդ տարիքին, արդեն մեծագույն պատասխանատվություն և մասնագիտական բարձր պատրաստվածություն է կրում: Բազմիցս անցել է վերապատրաստումներ` իր գիտելիքներն ու ունակությունները ներդնելով էնդոկրինոլոգիայի զարգացման գործում:
Որքան էլ գայթակղիչ է բժշկի աշխատանքը, նույնչափ պարտավորեցնող և դժվար է, ու ըստ մեր զրուցակցի՝ բազմիցս ավելի մեծ մարդասիրություն, համբերություն, բարություն է պահանջում, քան շատ այլ մասնագիտություններ։ Բժիշկն այս համոզմանն է եկել իր աշխատանքի ընթացքում, նա ի սկզբանե գտել է հաջողության բանալին. դա մարդասիրությունից ծնված սերն է հիվանդների հանդեպ:
Բոլորիս լավ հասկանալի է հիվանդի հոգեբանությունը։ Լավագույն բժիշկ փնտրելիս ու ընտրելիս հիվանդը ոչ պակաս կարևորում է մարդկային վերաբերմունքը: Բուժմանը հավասար՝ հիվանդին իր առողջությամբ մտահոգ, իր մասին ոչ միայն մասնագիտորեն, այլ նաև մարդկայնորեն հոգ տանող բժիշկ է հարկավոր: Միայն այս երկուսի զուգակցությամբ կարող է ձևավորվել բժիշկ-հիվանդ անչափ կարևոր փոխադարձ կապը, որի առկայությունն ինքնին վստահության և բուժման արդյունավետության գրավական է:
-Բժշկուհի, ո՞րն է Գրևսի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները և առաջացման պատճառները։
-Նախ ասեմ, որ Գրևսի հիվանդությունը, ժողովրդական լեզվով ասած, թունավոր զոբն է (թունավոր խպիպ), երբ վահանաձև գեղձը նորմայից շատ հորմոններ է արտադրում։ Այդ ավելացած արտադրությունը իրականանում է հատուկ ակտիվացնող հակամարմիններով՝ այսինքն՝ միջնորդավորված է իմունային համակարգի ավելցուկ գործունեությամբ, ինչը բերում է արյան մեջ հորմոնների ցուցանիշների բարձրացմանը։ Հիմնական ախտանշաններն են՝ սրտխփոց, քրտադրություն, քաշի կորուստ, նյարդային լարվածություն, ձեռքերի դող։ Բայց որոշ տարիքային խմբերում, մասնավորապես մեծահասակների մոտ, Գրևսի հիվանդության ախտանիշներից կարող է դրսևորվել միայն սրտխփոցը, և անգամ կարող է քաշի ավելցուկ գրանցվել, չնայած որ այս հիվանդությանը բնորոշ է քաշի նվազումը։ Սովորաբար այս հիվանդները տաքի հանդեպ ունեն անտանելիություն, այսինքն՝ տաք միջավայրում իրենց ինքնազգացողությունը վատթարանում է։ Բայց կլինիկական պրակտիկայում շատ ենք հանդիպում դեպքերի, երբ հիվանդն ընդհակառակը՝ մրսում է, չնայած հիպերթիրեոզի առկայությանը: Հետևաբար, միայն ախտանիշների վրա հիմնվելով ախտորոշելը սխալ է: Այդ պատճառով այլ նեղ մասնագետներ, մասնավորպես սրտաբանները, լավ տեղյակ են, որ եթե հիվանդը նշում է սրտխփոց, պարտադիր պետք է ստուգել վահանաձև գեղձի հորմոնները, իսկ մյուսները՝ օրինակ` գաստրոէնտերոլոգները, նյարդաբանները հետազոտում են վահանաձև գեղձի հորմոնները, եթե գանգատներից առկա են լինում քաշի նվազումը, նյարդային լարվածությունը, գլխացավերը։ Հիվանդը վերը նշված ախտանիշներից որևէ մեկի առկայության դեպքում չի մտածում խպիպի առկայության մասին, ուստի, ինչպես բազմիցս նշել եմ, այս հիվանդության մասին կասկածում են այլ նեղ մասնագետներ, իհարկե, վերջնական ախտորոշումը դրվում է էնդոկրինոլոգների կողմից։ Գրևսի հիվանդությանը զուգահեռ ոչ միշտ, բայց հաճախ, կարող է զարգանալ էնդոկրին օֆթալմոպաթիա, երբ աչքերը ծավալով մեծանում են, չռվում են, կարծես դուրս են պրծնում, առաջանում է լարվածություն աչքերում, ավազի հատիկի զգացողություն։ Իրականում շատերին թվում է, որ սա թունավոր խպիպի պարտադիր ախտանիշ է, սակայն այն համարվում է առանձին հիվանդություն, և, ինչպես նշեցի, ոչ բոլոր հիվանդների մոտ է ի հայտ գալիս։ Այն դիտվում է հիվանդների 30-50 տոկոսի մոտ։ Եվ հետաքրքիրն այն է, որ էնդոկրին օֆթալմոպաթիա կարող է զարգանալ նաև այն մարդկանց մոտ, ովքեր չունեն տոքսիկ խպիպ՝ Գրևսի հիվանդություն։ Վերջիններիս մոտ հետազոտության ժամանակ հայտնաբերվում է արյան մեջ հակամարմինների բարձր մակարդակ` առանց հորմոնալ շեղման։
-Աուտոիմուն թիրեոիդիտ։ Կմանրամասնե՞ք։
-Աուտոիմուն թիրեոիդիտի ժամանակ նույնպես, ինչպես և Գրևսի հիվանդության ժամանակ, առաջանում են հակամարմիններ, սակայն այս հակամարմինները ոչ թե ակտիվացնում են գեղձի աշխատանքը, այլ ընկճում այն` բերելով, ժողովրդի լեզվով ասած, յոդի պակասի, այսինքն՝ հիպոթիրեոզի։ Հիպոթիրեոզի դեպքում հիմնականում գրանցվում են հետևյալ գանգատները՝ հոգնածության զգացում, քնկոտություն, կարող են կրկին լինել սրտխփոցներ, գլխացավեր, այտուցվածություն, կանանց մոտ՝ դաշտանային ցիկլի խանգարումներ։ Սակայն, քանի որ այսօր լաբորատոր հետազոտությունները հասանելի են և զգայուն, հիպոթիրեոզը հաճախ հայտնաբերվում է շատ վաղ փուլերում, հաճախ անգամ սկրինինգային հետազոտության հետևանքով, որի արդյունքում նկատում ենք, որ հիվանդն անգամ կարող է գանգատ չունենալ։ Թեթև հիպոթիրեոզի ժամանակ ավելի հաճախ դիտվում է թեթևակի քնկոտություն, իսկ ռեպրոդուկտիվ տարիքի կանանց շրջանում՝ ավելի հաճախ դաշտանային ցիկլի խանգարումներ և հղիանալու հետ կապված դժվարություններ։
-Գլյուկոզայի մակարդակը նորմայում արյան մեջ ինչքա՞ն պետք է լինի։
-Գլյուկոզայի մակարդակը մազանոթային արյան մեջ` մինչև 5,6, երակային արյան մեջ՝ 6,4։ Սակայն, երբ գլյուկոզան երակային արյան մեջ 6,1-ից բարձր է, արդեն հիվանդը գտնվում է դիաբետի առաջացման սահմանային գոտում։
-Ի՞նչ են շաքարի փոխարինիչները։
-Իրականում կան երկու տեսակի փոխարինիչներ` հենց շաքարի փոխարինիչներ և քաղցրացուցիչներ։ Շաքարի փոխարինիչները սովորաբար օրգանիզմում մտնում են որոշակի նյութափոխանակային պրոցեսների մեջ, և նորմայից ավելի շատ կիրառելը հետագայում կարող է բերել հեպատոտոքսիկ, նեֆրոտոքսիկ, այսինքն՝ լյարդի և երիկամների վրա բացասական ազդեցության։ Ըստ իս, երևի թե, դրանցից ամենաանվտանգը ֆրուկտոզան է, սակայն կրկին քիչ քանակությամբ պետք է օգտագործել։ Իսկ քաղցրացուցիչները, օրինակ` ստեվիայի(մեղրախոտի) թուրմը, (կիրառության մեջ է հայկական արտադրության պրեպարատը), օրգանիզմում որևէ փոխազդեցության մեջ չեն մտնում և իրենցից վտանգ չեն ներկայացնում։
-Կոնտրաստային նյութով հետազոտությունները արդյո՞ք վտանգավոր են էնդոկրին հիվանդություն ունեցող բուժառուների համար։
-Կոնտրաստային նյութերի կիրառումը սկզբնական փուլում բերում է վահանաձև գեղձի հորմոնների արտադրության ավելացմանը, հետո` ընկճմանը։ Դա յոդի բնական ազդեցությունն է: Եթե հիվանդը գտնվում է չկոմպենսացված թիրեոտոքսիկոզի փուլում, և հետազոտությունը շատ շտապ չէ, կարելի է սպասել՝ հասնելով հորմոնների կարգավորմանը, ապա անցկացնել հետազոտությունը։ Եթե շտապ է, անհետաձգելի, պետք է իրականացնել հետազոտությունը` զուգահեռ ավելացնելով թիրեոտոքսիկոզի դեմ կիրառվող դեղորայքի չափաբաժինը։ Բայց եթե հիվանդը ստանում է կայուն թերապիա, և հորմոնների ցուցանիշները նորմայի մեջ են, ապա այո, կարելի է հանգիստ կիրառել, որովհետև կոնտրաստային նյութով հետազոտությունը կարևոր է լրացուցիչ ախտորոշում ստանալու համար։
-Հիպերմագնեզիումեմիա եւ հիպոմագնեզումեմիա, կտարբերակե՞ք։
-Հիպերմագնեզումեմիա սովորաբար չի լինում, որովհետև մագնեզիումը այնպիսի հետաքրքիր մակրոէլեմենտ է, որը աղիներում ներծծվում է այնքան, ինչքան անհրաժեշտ է օրգանիզմին, այսինքն՝ երբ մենք մագնիեզիումի ավել քանակ ենք ընդունում, այն ուղղակի չի ներծծվում։ Գոյություն ունի մագնեզիումի դոզավորումը ընտրելու այսպիսի հետաքրքիր մեթոդ՝ տալիս ենք բուժառուին մագնեզիումի որոշակի փոքր չափաբաժին և սկսում ենք աստիճանաբար ավելացնել դոզան այնքան, մինչև հիվանդի մոտ առաջանա փորլուծություն, որից հետո իջեցնում ենք դոզան նախորդ՝ մինչև փորլուծութուն առաջացնող դոզայի։ Ասենք, եթե 500 մգ-ի դեպքում փորլուծություն է, դոզան դարձնում ենք 400։ Հիպոմագնեզումեմիան երակային արյան մեջ ախտորոշելը գրեթե անհնար է, որովհետև մագնեզիումի իրական պաշարը հյուսվածքների միջբջջային տարածքում է լինում, անգամ երբեմն արյան անալիզով կարող է լինել մագնեզիումի ավել քանակ, մինչդեռ իրական միջբջջային մակարդակը լինել ցածր։ Հետևաբար հիպոմագնեզիումեմիան ախտորոշվում է գանգատներով։ Կարելի է առհասարակ կանխարգելիչ նպատակով մագնեզիումը նշանակել բոլորին, քանի որ ամերիկյան հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ ձմռան ամիսներին կանանց 60%-ը և տղամարդկանց 70%-ը ունենում են մագնեզիումի դիֆիցիտ։ Հավելենք, որ այսօրվա ամենօրյա սննդի մեջ մեծ չափաբաժին է կազմում ռաֆինացված սննդամթերքի օգտագործումը, որի մեջ մագնեզիումի մասը քիչ է, հետևաբար բնակչության լայն զանգվածների մոտ առկա է մագնեզիումի դեֆիցիտը։ Իսկ եթե զուգահեռ առկա է էնդոկրին պաթոլոգիա, օրինակ` շաքարային դիաբետ, որի ժամանակ մագնեզիումը պոլիուրիայի հետևանքով կարող է դուրս բերվել երիկամներով ավել քանակներով, կամ վահանաձև գեղձի խնդիրներ, երբ առկա են սննդանյութերի ներծծման խնդիրներ, հիպոմագնեզիումեմիան ավելի հավանական է դառնում։ Հետևաբար մագնեզիում կարելի է նշանակել գրեթե բոլորին՝ հատկապես ձմռան ամիսներին և երկարատև, քանի որ մագնեզիումը ակտիվ մասնակցում է բոլոր փոխանակային պրոցեսներին։
-Պրոլակտին հորմոնը ո՞ր դեպքում է անհրաժեշտ հանձնել։
-Պրոլակտինը հիպոֆիզում արտադրվող հորմոն է, որը պատասխանատու է կանոնավոր դաշտանային ցիկլի, հղիության ժամանակ՝ առողջ կաթնարտադրության համար։ Սակայն մի շարք դեպքերում ոչ հղի կանանց, նաև տղամարդկանց մոտ կարող է առաջանալ պրոլակտինի մակարդակի բարձրացում, որը բերում է մի շարք ախտանիշների առաջացման, մասնավորապես՝ կանանց մոտ ի հայտ են գալիս դաշտանային ցիկլի խանգարումներ, անպտղություն, կրծքագեղձերում ցավեր, կաթնարտադրություն, իսկ տղամարդկանց մոտ հիմնական ախտանիշը պոտենցիայի նվազումն է և սերմի որակի իջեցումը, ինչը նույնպես կարող է հանգեցնել տղամարդկային անպտղության։ Ուստի այս հետազոտությունը առավել հաճախ նշանակվում է նաև գինեկոլոգների, ուռոլոգների ցուցումով: Սակայն մեր պրակտիկայում պրոլակտինի նշանակում ցուցում ենք նաև ճարպակալման դեպքում, քանի որ պրոլակտինի ավելցուկը պատասխանատու է նաև քաշի ավելացման համար։
Պատճառները տարբեր են։
1․ Հիպոֆիզի գոյացությունները
2․ Սթրեսը, քանի որ պրոլակտինը սթրեսին արձագանքող հորմոն է
3․ Ամենահաճախ պատճառը՝ հակադեպրեսանտների, հոգեմետ դեղերի ընդունումն է
4․ Հաճախ պատճառը մնում է չբացահայտված՝ իդիոպաթիկ։
-Տերների համախտանիշ, ի՞նչ պաթոլոգիա է այն։
-Այն գենետիկ, քրոմոսոմային անոմալիա է, որը հանդիպում է միայն կանանց մոտ, քանի որ այս դեպքում առկա է վերջին զույգ X քրոմոսոմներից մեկի լրիվ կամ մասնակի բացակայություն։ Դրսևորվում է հետևյալ ախտանիշներով՝ կարճահասակություն, դաշտանային ցիկլի բացակայում, նեղ կոնքեր, բնականաբար, որն էլ կարող է բերել անպտղության։ Դրանով իրականում զբաղվում են մանկական էնդոկրինոլոգները, որովհետև մեծահասակները մեզ մոտ գալիս են արդեն պատանեկան շրջանում դրված ախտորոշումով։ Ախտորոշումը կատարվում է գենետիկ հետազոտության միջոցով։ Բնական դաշտանային ցիկլ այս բուժառուների մոտ չի կարող լինել։ Նրանց նշանակվում է հորմոնալ կոնտրացեպտիվեր` արհեստական դաշտանային ցիկլ առաջացնելու նպատակով մինչև ֆիզիոլոգիական դաշտանադադարի տարիքը։ Ցավոք սրտի, այս բուժառուները չեն կարող մայրանալ։ Միայն արհեստական ճանապարհով և ոչ իրենց ձվաբջջով։
-Էկրանների լուսավորությունը գիշերային ժամերին կարո՞ղ է արդյոք ազդել քնի հորմոնի՝ մելատոնի վրա։
-Այո, էկրանների լուսավորությունը իրականում ազդում է քնի հորմոնի՝ մելատոնի վրա։ Մելատոնինը այն հորմոնն է, որն արտադրվում է գիշերը, հիմնականում 23:00-01:00 ընկած ժամանակահատվածում և լրիվ մութ պայմաններում, որպեսզի հորմոնի արտադրությունը լինի բավարար։ Ուստի լավ քնելու համար խորհուրդ է տրվում քնելուց 1-2 ժամ առաջ էկրանից հեռու մնալ։
-Բժշկուհի, տեղյակ ենք, որ վերջերս մասնակցել եք եվրոպական մանկական էնդոկրին եւ էնդոկրին ասոցացիաների համատեղ կոնգրեսին Դանիայում։ Ըստ Ձեզ` նման կոնգրեսները ի՞նչ են տալիս բժիշկներին։
-Գիտեք, երբ մասնակցում եմ կոնգրեսների, հասկանում եմ, թե ինչքան հետազոտություններ են իրականացվում և նոր գիտելիքներ կուտակվում այս որորտում 1-2 տարիների ընթացքում։ Կոնգրեսների ժամանակ ծանոթանում ենք աշխարհի էնդոկրին ծառայությունների կառուցվածքին, էնդոկրին այլ կենտրոններին։ Աշխարհի տարբեր երկրներում կան տարբեր էնդոկրին պաթոլոգիաներով զբաղվող առանձին էնդոկրին կենտրոններ, օրինակ` կենտրոն, որը զբաղվում է Քուշինգի հիվանդությամբ, կենտրոն, որը զբաղվում էնդոկրին օֆթալոպատիայով, մեկ այլ կենտրոն, որը զբաղվում է դիաբետիկ ոտնաթաթի խնդրով, մյուսը` անպտղությամբ։ Իսկ մենք Հայաստանում այս ընդհանուր պաթոլոգիաներով զբաղվում ենք մեկ կենտրոնում: Նաև կոնգրեսների ժամանակ առաջնահերթ հասկանում ես, թե ինչ ուղղություն է վերցրել միջազգային էնդոկրինոլոգիան, ուր է գնում։ Այսպես՝ այս կոնգրեսի ընթացում ես հասկացա, որ այսօր շատ էնդոկրին հիվանդությունների ժամանակ հիվանդությունների գենետիկ մուտացիաներ են հետազոտում` սկսած ճարպակալումից: Դասախոսություններից մեկում բացահայտեցին ճարպակալման գենետիկ նախատրամադրվածության 50%-ը, շատ պապիլյար կարցինոմաների ժամանակ առկա գենետիկ մուտացիաները։ Հետազոտվում է, օրինակ, մակերիկամային անբավարարության բուժումը ոչ միայն կորտիզոլ հորմոնով, այլ կորտիզոլի փոխանակման միջանկյալ պրոդուկտներով, և նման շատ և շատ գիտելիքներ։ Նաև կոնգրեսը տարբեր էնդոկրին հիվադությունների ախտորոշման և բուժման միջազգային ուղեցույցների թարմացում է տալիս, ինչը թույլ է տալիս մշտապես քայլել գիտությանը համընթաց և լինել նորարարությունների զարկերակին։ Հասկանում ենք նաև, թե զարգացման ինչ ուղղություն է վերցրել էնդոկրինոլոգիան: Չնայած մեր երկրում էլ բժշկությունը բավականին զարգացած է, և շնորհիվ այս կոնգրեսների մենք էլ կարող ենք նոր գիտելիքները ներդնել և աջակցել էնդոկրինոլոգիայի զարգացմանը։ Իհարկե, կկարևորեմ նաև շփումը արտերկրի պրոֆեսորների հետ: Իսկ նրանք այնքան պարզ և հասարակ են, ցանկացած մեր հարցին տալիս էին գրագետ և ստույգ պատասխան` երբեք իրենց բարձր չդասելով։ Հետագայում ինչ-որ հարցի շուրջ կարող ենք իրենց համացանցով գրել, ճշտել, ստանալ պատասխաններ, այսինքն՝ ստեղծվում են նաև մարդկային կապեր և շփումներ։
-Հոմոցիստեն. կմանրամասնե՞ք։
-Իրականում դա համարվում է վատ սպիտակուց՝ վատ ամինաթթու, որն առաջանում է, երբ մեթիոնին ամինաթթուն լիարժեք չի փոխակերպվում ցիստեինի, որի արդյունքում առաջանում է կիսատ փոխանակված ամինաթթու՝ հոմոցիստեինը, ինչը հանդիսանում է նյութափոխանակության արգասիք։ Երբ արյան մեջ այս արգասիքի՝ շլակի մակարդակը նորմայից շատ է, շատ գանգատներ և խնդիրներ են առաջանում՝ հևոց, ընդհանուր թուլություն, գլխապտույտ, գլխացավ, սիրտ-անոթային խնդիրներ՝ ինսուլտ, սրտամկանի ինֆարկտ՝ անոթների պատի ախտահարման արդյունքում, վիժումներ։ Հոմոցիստեինի ավելցուկը սովորաբար առաջանում է վիտամինների դեֆիցիտի հետևանքով, մասնավորապես` ֆոլաթթվի, նաև վիտամին B12-ի, B-1, B-6-ի: Սակայն կարող է ֆոլաթթվի մակարդակը արյան մեջ լինել բավարար, բայց միևնույնն է, ունենանք բարձր հոմոցիստեին, որը լայն տարածում ունի հատկապես մեր պոպուլյացիայում և ֆոլաթթվի փոխանակության գենետիկ մուտացիայի հետևանք է։ Ուստի այս ամինաթթվի հետազոտումը խիստ կարևոր է տարբեր մասնագետների կողմից՝ սրտաբանների, նյարդաբանների, գինեկոլոգների, էնդոկրինոլոգների։ Կարևոր է հոմոցիստեինի հետազոտումը նաև դիաբետիկ ոտնաթաթով պացիենտների շրջանում, քանի որ դրա բարձր մակարդակը ավելի կխորացնի հիվանդության զարգացումը, ցածր մակարդակը` կկանխի։ Հոմոցիստեինի բարձր մակարդակի ժամանակին հայտնաբերելը, և դրա մակարդակը իջեցնելը կկանխի մի շարք հիվանդությունների առաջացումը, զարգացումը, իսկ վիժումների կանխարգելման առումով հոմոցիստեինի իջեցնելու դերը հսկայական է։ Իրականում հետևում եմ միջազգային գրականությունը. ինձ մոտ կա այնպիսի տպավորություն, որ հոմոցիստեինի մասին հետազոտությունները դեռևս լայնածավալ թափ չեն առել, և այդ ոլորտում միջազգային հանրությունը դեռևս անելիք ունի։
-Հիպովիտամինոզներ. որքանո՞վ է այս խնդիրը արդիական ձեր ոլորտում։
-Այսօր էնդոկրինոլոգիան շատ հետաքրքիր ուղղություն է վերցրել վիտամինների դեֆիցիտի հետազոտությունների առումով։ Թվում է, թե դրանք ուղղակի վիտամիններ են, բայց դրանցից յուրաքանչյուրը ընդգրկված են հորմոնների սինթեզի գործընթացի մեջ։ Վիտամին D. սա ավելի շատ հորմոն է, քան` վիտամին։ Այն մեծ դեր է կատարում մեր օրգանիզմում՝ կալցիումի փոխանակությունը կարգավորող է։ Այս վերջին միջազգային կոնգրեսի դասախոսություններից մեկում պարզ դարձավ, որ վիտամին A-ն, B12-ը, ցինկը, մանգանը, երկաթը, D-ն ու սելենն ընդգրկված են վահանաձև գեղձի հորմոնների սինթեզի գործընթացի մեջ։ Դեռևս 5 տարի առաջ էր ասվում, որ երկաթի դեֆիցիտը կարող է բերել վահանաձև գեղձի թերֆունկցիայի, բայց B12-ի մասին նոր է խոսվում։ Ես արդեն շատ վաղուց եմ զբաղվում վիտամիններիի դեֆիցիտով, դրանց հայտնաբերմամբ և բուժմամբ: Երբ սկսել եմ զբաղվել այս խնդրով, շատ բժիշկներ զարմանում էին, քանի որ ինֆորմացիան դեռևս այսքան տարածված չէր: Շատ վաղուց ամերիկյան բժշկական գրականություն եմ կարդում և իրենց հետազոտություններով ու խորհուրդներով եմ դա իրականացնում, քանզի իրենց կատարած հետազոտությունների ծավալը մեծ է, վիճակագրությունը՝ շատ ավելի ծավալուն: Եվ ուսումնասիրելով այդ գրականությունը` հասկացա, որ Հայաստանում էլ մեծ տարածում ունի վիտամինների դեֆիցիտը, սակայն դրա մասին չի բարձրաձայնվում, չկա որևէ մասնագետ, որ հատուկ զբաղվի այդ խնդրով։
-Մեր զրույցը մոտենում է ավարտին: Փորձենք այն ամփոփել, որպես վերջաբան, հայ հասարակությանը Ձեր մաղթանք-ուղերձով:
-Որպես մաղթանք մեր հասարակությանը կցանկանամ առողջություն, կհորդորեմ բժշկի դիմել ժամանակին, անուշադրության չմատնել հիվանդության առաջին նշանները, որպեսզի հիվանդությունը չբարդանա և քրոնիկական վիճակի չհասնի։ Վաղուց ապացուցված դրույթ է, որ ժամանակին բժշկին դիմելը հեշտացնում է հիվանդի և բժշկի աշխատանքը։ Մենք միշտ պատրաստակամ ենք ցուցաբերելու բուժօգություն` 24-ժամյա գրաֆիկով, քանզի մենք մեր երդման նվիրյալն ենք: Հորդորում եմ՝ եղեք բարյացակամ, սիրեք և սեր ու բարություն տարածեք ձեր շուրջը, քանզի մեր երկրի համար օրհասական պահերին, միայն բարին արարելով, Աստծո ողորմությունը կստանանք մեր երկրի փրկության համար։ Սնվեք առողջ, մարզվեք և սիրեք նաև ինքներդ Ձեզ։