ԱԼԲԵՐՏ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ

(0 votes)

Պետք է ամեն ոք զբաղվի իր մասնագիտությամբ, ամեն ոք լինի իր տեղում

Մանկական վիրաբուժությունը առողջապահության չափազանց կարևոր ուղղություններից է, որը միավորում է մանկաբուժությունն ու վիրաբուժությունը: Բժիշկ դառնալու ամենակարևոր պայմանը ընտրած մասնագիտությունը անսահմանորեն սիրելն է, նաև մասնագիտական գիտելիքները և փորձը խորացնելու համար ջանք ու եռանդ չխնայելը: Կան եզակի անհատներ, որոնք առանձնանում են իրենց գործին նվիրվածությամբ ու անսահման համեստությամբ: Նրանք իրենց գործն ազդարարողներից չեն, այլ լուռ ու անաղմուկ տրվում են աշխատանքին եւ անտրտունջ նվիրվում։ Հենց այդ նվիրայլներից է մեր զրուցակիցը` մանկական վիրաբույժ, ուրոլոգ, «Արաբկիր» բժշկական համալիրի կոնքի խոռոչի օրգանների գործառույթի խանգարման ծառայության ղեկավար ԱԼԲԵՐՏ ԼԱԼԱԶԱՐՅԱՆԸ։ Բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումներ անցնելով` նա կարողացավ ունենալ իր ուրույն ձեռագիրը մանկական վիրաբուժության մեջ՝ գործունեության մեջ կարևորելով աշխատասիրությունն ու նվիրվածությունը: Երբ մանկան ու ծնողի հետ բժիշկն անցնում է բուժման դժվարին ուղի, ակամայից հետաքրքիր կապ է ստեղծվում նրանց միջև, որը պահպանվում նաև հետագայում, և ծնողները շնորհակալ են լինում իրենց երեխային առողջություն պարգևած նվիրյալ բժշկին: Մարդիկ երախտագիտությամբ են պատմում մեծատառով մարդու ու իրենց մանուկների կյանքը փրկելու հրաշագործության մասին։

-ԲԺԻՇԿ, ԸՍՏ ՁԵԶ, ԱՐԴՅՈ՞Ք ԶԱՐԳԱՑԱԾ Է ՄԱՆԿԱԿԱՆ ՈՒՐՈԼՈԳԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:

-Այո, միանշանակ կարող եմ ասել, որ բավականին զարգացած է, ըստ իս` տարածաշրջանում ամենազարգացածը: Մենք մեծ կապեր ունենք և՛ եվրոպական, և՛ ամերիկյան մանկական լավագույն մասնագետների հետ. իրենք են ժամանում մեր երկիր` մեզ հետ վիրահատություն կատարում և խորհրդատվություններ իրականացնում, մենք ենք վերապատրաստումներ անցնում իրենց մոտ, այսպիսով` հետ չենք մնում աշխարհի լավագույն մանկական ուրոլոգիական կլինիկաներից։

-ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՇՏԱՊ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ԱՄԵՆԻՑ ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

-Առաջնահերթ կնշեի ամորձու պաթոլոգիաները, այնուհետև` տրավմաները և քարերը։

 -Ո՞Ր ՏԱՐԻՔՈՒՄ Է ԱՌԱՎԵԼ ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՈՒՅՐ ԱՂԻՔԻ ԲՈՐԲՈՔՈՒՄԸ, ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՊԵՆԴԻՑԻՏԻ ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐԸ։                          

-Կույր աղիքի բորբոքումը պրակտիկորեն հանդիպում է բոլոր տարիքներում, բայց 1-3 տարեկանում ծայրահեղ հազվադեպ է հանդիպում, 3 տարեկանից սկսած` հաճախականության աստիճանն ավելանում է, առավելագույն հաճախադեպությունը 8-13 տարեկանում է հանդիպում, եթե վերցնենք 0-100 տարեկան տարիքային շեմը։ Ախտանշաններն են՝ որովայնում ցավ, սրտխառնոց, փսխում, ջերմաստիճանի բարձրացում։

-ՄԻԶԱՊԱՐԿԱԱՂԻՔԱՅԻՆ ԴԻՍՖՈՒՆԿՑԻԱ: Ի՞ՆՉ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐՈՎ ԵՆ Ի ՀԱՅՏ ԳԱԼԻՍ։

-Հիմնականում ախտանիշը անմիզապահությունն է կամ միզարձակման հետ կապված այլ գանգատները` հաճախականություն, դժվար միզարձակություն, ուշացումներով միզարձակություն և այլն։ Երկրորդը, ըստ գանգատների հանդիպման հաճախանության, աղիների ուշացումներով գործելն է, կամ դժվար գործելը` փորացավերի արտահայտմամբ։ Եթե նախկինում դրանք առանձին հանդիպող հիվանդություններն էին համարվում, ապա այսօր այն համարվում է մեկ հիվանդություն, դրա համար կոչվում է միզապարկաաղիքային դիսֆունկցիա։ Խնդիրն այն է, որ աղիների պերեստաստիկան և միզապարկի աշխատանքը երկուստեք խանգարվում են, երկուսն էլ միաժամանակ իրենց գործառույթը նորմալ չեն կատարում։ 2017 թվականից միավորեցին այդ երկուսը որպես մեկ հիվանդություն։ Բավականին հաճախակի հանդիպող պաթոլոգիա է ամբողջ աշխարհում։ Բուժման ընթացքը իհարկե սկսում ենք հետազոտություններով, բավականին հեշտ հայտնաբերվում է, սկսում ենք աղիների կարգավորումից, այդ ֆոնի վրա զուգահեռ հետևում ենք միզապարկի գործառույթին։ Միզապարկը շատերի մոտ սկսում է աստիճանաբար կարգավորվել, երբեմն անհրաժեշտություն է լինում նաև միզապարկը բուժել։

-Ի՞ՆՉ Է ՀԻԴՐՈՆԵՖՐՈԶԸ։

-Հիդրոնեֆրոզը երիկամի բաժակավազանային համակարգի լայնացումն է` պաներխիմայի վնասումով, որը շատ անգամ բերում երիկամի ֆունկցիայի կորստի։

-Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ ՕԲՍՏՐՈՒԿՏԻՎ ՈՒՐՈՊԱՏԻԱՅԻ ՄԱՍԻՆ:

-Այդ հասկացությունը` որպես այդպիսին, այնքան էլ կիրառելի չէ։ Այն ընդհանրական հասկացությունն է, որի ժամանակ մեզի հոսքի ճանապարհին ինչ-որ տեղ խոչընդոտ կա։ Ավելի հաճախ լինում է կամ երիկամի ավազանից դեպի միզածորան անցող կամ միզածորանից միզապարկ անցնող տեղերում, երբեմն էլ` միզապարկից ներքև։

-Ի՞ՆՉ Է ՍԹՐԵՍԱՅԻՆ ԱՆՄԻԶԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ:

-Սթրեսային անմիզապահությւոնը մանկական տարիքում չի հանդիպում, հանդիպում է տարեց, հիմնականում մի քանի ծննդաբերություն ունեցած, կտրուկ նիհարած, արգանդի իջեցումներ ունեցող կանանց շրջանում: Պատճառը միզապարկի վզիկի իջեցումն է կոնքի ստոծանուց ցած: Ախտանշանները՝ աստիճաններ բարձրանալիս, հազի, փռշտոցի ժամանակ մեզի ակամա արտահոսքն է:

-ԻՆՉՊԵ՞Ս Է ԶԱՐԳԱՆՈՒՄ ԱՄՈՐՁՈՒ ՀԻՊՈՊԼԱԶԻԱՆ:

-Ամորձու հիպոպլազիան, եթե սկզբից տարբերակենք` վերցնելով փոքր ամորձի տերմինը, ի սկզբանե կարող է լինել թերզարգացած ամորձի, որն էլ հենց հիպոպլազիա ասվածն է: Այլ դեպքում տեղի է ունենում ամորձու երկրորդային աստիճանաբար ատրոֆիա, որի խանգարման հետևանքով այն չափերով փոքրանում էր, սնուցումը վատանում։ Հիպոպլազիան առաջին տարբերակն այն է, երբ բնածին թերզարգացած է ձվիկը։ Փոքր տարիքում ոչ մի արտահայտման ձև չունի, միայն տարբերակվում է ձվիկի փոքր չափերով։ Իսկ սեռահասունացման տարիքից հետո, երբ որ ամորձին պետք է իր ֆունկցիան արդեն կատարի, էնդոկրին ֆունկցիան սովորաբար առանձնապես տուժած չի լինում, և ոչ մի բանով չի արտահայտվում, եթե մյուս ամորձին նորմալ է։ Իսկ սերմ արտադրող ֆունկցիան տուժած է լինում` կախված թերզարգացման աստիճանից։ Կան թերզարգացման 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճաններ: 3-րդ աստիճանի դեպքում էնդոկրին ֆունկցիայի խաթարման արդյունքում սերմ չի կարող արտադրել, 2-րդի և 1-ինի ժամանակ արտադրվում է ինչ-որ քանակության և ինչ որ որակի սերմ, որն ամորձու նորմալ աշխատանքի դեպքում որեւիցե ձևով չի արտահայտվում, և երեխա ունենալու խնդիր չեն ունենում։

-ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՄԻԶԱՊԱՐԿԻ ՆՅԱՐԴԵՐԻ ՎՆԱՍՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ։

-Առաջնահերթ կցանկանայի խոսել դրանց պատճառագիտությունից։ Ամենահաճախ մանկական տարիքում լինում է բնածին ողնուղեղային ճողվածքների կամ ախտահարումների ժամանակ, որի հետևանքով ողնուղեղում գտնվող միզարձակման կենտրոնից դեպի միզապարկ ներվավորումը խանգարված է լինում, կամ հենց կենտրոններում է խանգարվում։ Երկրորդը, ըստ հանդիպման հաճախականությամբ, մանկական տարիքում ուռուցքային ախտահարումներն են կոնքի խոռոչի տարբեր օրգաններում, որոնք սեղմվում են նյարդերի վրա կամ վնասում են նյարդերը: Եվ երրորդը` հետվիրահատական կամ միզապարկի վրա ոչ ճիշտ մուտքերով իրականացվող վիրահատություններից հետո առաջացող խնդիրներն են։ Արտահայտվում է միզապարկի աշխատանքի խանգարումներով, որոնք կարող են լինել 27 տարբեր տեսակների և մեծ մասամբ, եթե ոչ 100 տոկոս հավանականությամբ, առաջացնում է երիկամների անբավարարության, հատկապես, երբ ոչինչ չի արվում խնդրի լուծման համար։

-ԱՄՈՐՁՈՒ ՋՐԳՈՂՈՒԹՅՈՒՆ, ԿՄԱՆՐԱՄԱՍՆԵ՞Ք։

-Ամորձու ջրգողությունը ամորձու սեփական թաղանթի արտաքին և ներքին թերթիկների արանքում հեղուկի կուտակումն է, որը լինում է երկու տեսակի` բնածին կամ հաղորդակցվող ջրգողություն, որի ժամանակ կա բաց հաղորդակցություն որովայնի խոռոչի և ամորձու սեփական թաղանթի թերթիկների միջև։ Բնածին զարգացման արատ է, որի պատճառը որովայնամզի բունոցային ելունի օբլիտերացիայի խանգարումն է։ Այդ դեպքում հեղուկը պացիենտի ուղղահայաց դիրքում որովայնի խոռոչից իջնում է փոշտ, և փոշտի չափերը մեծանում են: Պառկած դիրքում հետ է գնում, պակասում։ Մինչև 1-1,5 տարեկանը շանս կա` ելունի փակվելու, և մինչ այդ տարիքային շեմը կուտակված հեղուկը ամորձում չի խանգարում աճին և զարգացմանը, այդ իսկ պատճառով այդ տարիքային շեմում ոչ մի միջամտություն չի կատարվում, 1,5-2 տարեկանում հազվադեպ է փակվում, և 2 տարեկանից հետո այլևս չի փակվում, և մինչև 3 տարեկանը պետք է կատարվի վիրահատական միջամտություն, քանզի 3 տարեկանից սկսած` ջրգողությունն արդեն խանգարում է ամորձու նորմալ աճին և զարգացմանը: 2-րդ տեսակի ջրգողությունը բնածին չի լինում, այն որևիցե հիվանդության հետևանք է, որի արդյունքում ամորձու սեփական թաղանթի թերթիկները սկսում են ավել քանակությամբ հեղուկ արտադրել։ Այդ հեղուկը միշտ ինչ-որ չափով արտադրվում է և ներծծվում, և արտադրման պրոցեսն ավելանում է` հեղուկն աստիճանաբար կուտակվելով թաղանթներում։ Կան հետևյալ հիմնական պատճառները` բորբոքային հիվանդություններ՝ բրուցելոզ, տուբերկուլոզ, երսինյոզ, համակարգային հիվանդություններ՝ ռևմատիզմ, պարբերական հիվանդություն, ուռուցքային ախտահարումներ, և ամենահաճախ հանդիպողը հետտրավմատիկ վնասվածքի հետևանքով և զարգացումով։ Սովորաբար առաջանում է վնասվածքից հետո 1-3 ամսվա ընթացքում։

-ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՐԵԼԱՎԵԼ ՓՈՐԿԱՊՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՅԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՆՑ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ:

-Այո, հնարավոր է բուժել առանց դեղորայքային միջոցների, և այն կա բոլոր փորկապությունների սխեմաների մեջ, որը եթե չի իրականացվում, որևիցե բուժում օգուտ չի տալու։ Երկու հիմնական գործառույթ կա այդ դեպքում, առանց որի, ցանկացած դեղամիջոց օգուտ չի տալու։ Առաջինը դիետան է. երեխան պետք է սննդակարգի մեջ օգտագործի ավելի շատ քանակությամբ բջջանյութ պարունակող սնունդ` բանջարեղեն, կանաչեղեն, մրգեր, և ավելի քիչ օսլա պարունակող սնունդ` կարտոֆիլ, մակարոնեղեն, հաց, բրինձ։ Կաթնաթթվային մթերքը շատ խորհուրդ չի տրվում, կարելի է օգտագործել կամ բանջարեղենի, կամ կանաչեղենի հետ, օրինակ` մածունը վարունգի կամ կանաչեղենի հետ։ Մսամթերքը բուն փորկապության համար ցանկալի չէ, բայց հաշվի առնելով երեխայի զարգացման համար դրա անհրաժեշտությունը, բացառել չենք կարող, բայց պետք է չլինի այնպես, որ երեխան ուտում է միայն միս և վերջ։ Այժմյան դիետոլոգների հիմնական ցուցումը ափսեի կեսերի գաղափարն է, որ ափսեի կեսը պետք է լինի բանջարեղեն կամ կանաչեղեն, մնացյալ կեսի կեսը՝ միս, մյուս 1 քառորդ մասը ածխաջրեր, օսլա պարունակող սնունդ։ Եվ երկրորդ պարտադիր պայմանը, որն անհրաժեշտ է, օրը 2 անգամ` ֆիքսված ժամերի, երեխան պետք է օգտվի զուգարանից` առավոտյան շուտ և քնելուց 2-3 ժամ առաջ, անկախ ցանկությունից, կամ կես ժամ առաջ գնացել է, թե` ոչ: Եվ պետք է գնա առանց իրեն շեղող միջոցների, այսինքն` առանց հեռախոսի, պլանշետի, խաղալիքի, գրքի եւ տետրի: Պետք է ինչ-որ կերպ փորձի աղիները դատարկել։ Վերը նշվածը նշանակություն ունի, բայց ոչ 100 տոկոսով, պետք է ֆիզիկական ակտիվությունը կարգավորել։ Ինչքան օրվա ընթացքում երեխայի ֆիզիկական ակտիվությունը բարձր լինի, այնքան աղիների պերեստաստիկան ակտիվ կլինի, այնքան աղիների գործելը հեշտ կլինի։

-ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՌԱՋԱՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՒՅԹԱՅԻՆ ՓՈՐԿԱՊՈՒԹՅՈՒՆԸ:

-Սովորույթային փորկապությունն առաջանում է այն դեպքում, երբ երեխան երկար ժամանակ` ամիսներ և տարիներ, ինչ-որ պատճառով զսպում է զուգարանից օգտվելու անհրաժեշտությունը, օրինակ` զզվում է դպրոցի զուգարանից, չի ցանկանում խաղից կտրվել, վախենում է մենակ գնալուց` առանց ծնողների օգնության կամ ինչ-ինչ պատճառներով, բայց ընդամենը մեկ անգամ պահելով որևէ բան չի փոխվում։ Աստիճանաբար ուղիղ աղին սկսում է լայնանալ, աղու պատի մկանները սկսում են թուլանալ, և երբ գալիս է պահը գնալու, նորմալ չի կարողանում դատարկել աղին։ Աղիները գործում են, բայց չեն դատարկվում։ Նման երեխաների ծնողներին երբեմն շատ դժվար է բացատրել, թե ինչու իր երեխան ունի փորկապություն, եթե երեխան օրը երկու անգամ գնում է զուգարան։ Բայց փորկապության համար միջազգային ընդունված բոլոր ուղեցույցներով ամեն օր զուգարան գնալը կամ չգնալը չի մտնում պարտադիր պայմանների մեջ։ Երեխան կարող է օրը մեջ օգտվել զուգարանից, բայց նորմալ դատարկվեն աղիները. դա նորմալ է, բայց կարող է օրը 5 անգամ օգտվել զուգարանից, բայց աղիները չդատարկվեն։ Եթե դատարկվում է, ուրեմն երեխան չունի փորկապություն, եթե լիովին չի դատարկվում, դա արդեն խոսում է փորկապության մասին։

-ՈՐՊԵՍ ՄԵՐ ԶՐՈՒՅՑԻ ՎԵՐՋԱԲԱՆ` ԽՆԴՐԵՄ ՁԵՐ ՄԱՂԹԱՆՔՆ ՈՒ ՀՈՐԴՈՐԸ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ։

-Հանրությանը կմաղթեմ, որ իրենց հարցերը չլուծեն միայն ինտերնետ պորտալով, հետո նեղ մասնագետներին դիմեն: Գուգլի հարթակից կամ մայրիկների ֆորումներից ստացած ինֆորմացիան շատ հաճախ ոչ մասնագիտական և թերի է լինում։ Եթե ցանկանում եք ստանալ տեղեկատվություն ձեր խնդրի մասին, ստացեք տեղական, եվրոպական և ամերիկյան մասնագիտական ասոցիացիաների կայքէջերից, թեկուզ` հենց նեղ մասնագետների կողմից ինտերնետ հարթակում տեղադրած ինֆորմացիայից, որպեսզի այն լինի ստույգ, մոլորության մեջ չգցի և ավելի բարդացած իրավիճակների չհանգեցնի։ Եվ ոչ միայն բժշկության բնագավառում, մնացյալ ոլորտներում էլ ինֆորմացիա ստանալու համար պետք է դիմել նեղ մասնագետներին, անցանց, առցանց ֆորումների, թե ինչի տեսքով` կապ չունի, բայց միայն ստանան մասնագիտացված կայքէջերից, ոչ թե` հանրության կարծիքից, քանզի ոչ բոլորն են մասնագիտացված տեղեկություններ տարածում` շատերին գցելով թյուրիմացության մեջ։ Պետք է ամեն ոք զբաղվի իր մասնագիտությամբ, ամեն ոք լինի իր տեղում։ Առողջ եղեք։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր